Մեր մասին
Մեր Մասին
«Արենի-1 քարայր» կոնսորցիումը ստեղծվել է 2017 թ. մայիսին, որպես հայկական և ամերիկյան երկու հիմնադրամների միավորում, որի նպատակը ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի-1 քարայրը ՀՀ մշակույթի նախարարության կողմից զբոսաշրջության համար օգտագործման նպատակով վարձակալությամբ տրամադրելու մրցույթին մասնակցելն էր և մրցույթը շահելու դեպքում ավարտին հասցնելու քարանձավի ուսումնասիրության, պահպանության և զբոսարշրջության նպատակով օգտագործելու ծրագիրը: Մասնակիցներից առաջինը ներկայացված է ԱՄՆ “Գֆոելլեր Ռենեսանս Ֆաունդեյշըն” հիմնադրամը, որը 2001 թ. ֆինանսավորում և կազմակերպում է Հայաստանի տարածքում հնագիտական` տարատեսակ ու տարբերաժամանակ հուշարձանների հայտնաբերման, պեղման, պահպանության և հանրահռչակման աշխատանքներ: Կոնսորցիումի երկրորդ մասնակիցը “Խաղողի կենսաբազմազանության և ավանդական գինեգործության պահպանության հայկական” հիմնադրամն է, որը ստեղծվել է 2016թ. հուլիսին, և որի նպատակն է եղել Հայաստանի խաղողի ավանդական սորտերի գենետիկական բազմազանության պահպանությունը, ավանդական խաղողագործական և գինեգործական մշակույթի ուսումնասիրությունը և պահպանությունը` համադրելով կենսաբանական, հնաբուսաբանական, հնագիտական, պատմա-ազգագրական տվյալները: 2018 թ. «Խաղողի կենսաբազմազանության և ավանդական գինեգործության պահպանության հայկական հիմնադրամը» միավորվել է «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հետ` որը կոնսորցիումի մաս կազմելով շահել է վերը նշված մրցույթը և շարունակում է Արենի-1 քարայրը զբոսաշրջության նպատակով օգտագործելու ծրագրի իրականացումը: Կոնսորցիումի նպատակը Արենի-1 քարայրի հետ զուգահեռաբար Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության հայտնաբերումը, փաստագրումը, պահպանությունը և հանրահռչակումն է, որի համար ամեն տարի ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ` միջազգային (հայ-ամերիկյան, հայ-իտալական, հայ-գերմանական) արշավախմբերի ջանքերով Վայոց Ձորի մի շարք համայնքներում (Ելփին, Չիվա, Արենի, Գնիշիկ, Ռինդ, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալլի) իրականացնում է հնագիտական շրջայցեր, ստուգողական և սիստեմատիկ պեղման աշխատանքներ: Նշված աշխատանքների արդյունքում հաջողվել ու հաջողվում է հայտնաբերել տասնյակ, մինչ այժմ անհայտ, հուշարձաններ, հնավայրեր, տեղավայրեր, որոնք ներկայացված են ամրոցներով, բնակատեղիներով, ծիսական բնույթ կրող հուշարձաններով, տնտեսական նշանակություն ունեցող համալիրներով, ինչպես նաև հիդրոինժիներական կառույցներով` ներկայացված հնագույն ջրանցքների, լճերի մնացորդներով և այլն: Միաժամանակ, վերը նշված ուսումնասիրությունների արդյունքում հնարավորություն է ստեղծվում ի հայտ բերել հնագույն և հին այգեգործական` հատկապես խաղողագործական, անասնապահական, այսինքն՝ տնտեսական լանդշաֆը, որոնց հետազոտման շնորհիվ ստացված տվյալների համադրումը հնագիտական պեղումներից ստացված նյութերի հետ թույլ է տալիս վեր հանել Վայոց Ձորի վաղեմի տնտեսավարման, արհեստների և այլ արտադրա-տնտեսական հմտությունների, հավատալիքների, ծեսերի, կենսառեսուրսների օգտագործման և բազում այլ մանրամասներ, որոնք մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել զբոսաշրջիկների համար: Ավելին, փաստագրված հուշարձանների մի մասը (Ելփինի ժայռափոր համալիր, Արենի-2 քարայր, Գնիշիկաձորի արտադրա-տնտեսական համալիր և այլն) ենթարկվում է սիստեմատիկ պեղման աշխատանքների, որոնք տարիներ հետո` ինչպես Արենի-1 քարայրը, կարող են դառնալ առաջնակարգ զբոսաշրջային այցելությունների վայրեր: Կազմակերպությունը զուգահեռաբար աշխատում է մի քանի ոլորտներում` գիտահետազոտական, մշակութային, բնապահպանական, համայնքային զարգացման, ինֆորմացիոն և այլն: Կազմակերպության խորին համոզմամբ` հնագիտական ժառանգությունը փրկելու, պահպանելու և տարածելու լավագույն եղանակը գիտահենք տուրիզմի զարգացումը և գիտա-հետազոտական աշխատանքների արդյունքում ստացված տվյալների կապիտալացումն է: Նշված քաղաքականության նպատակը կամ առաքելությունը` հուշարձանի հայտնաբերում, փաստագրում, հետազոտություն, պահպանություն, շրջակա միջավայրի համատեքստում հանրահռչակում և զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ամբողջական շղթայի ապահովումն է, որի լավագույն օրինակն արդեն իսկ առկա է Արենի-1 քարանձավի պարագայում: